2022թ փերտվարի 16-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD)-ը մեկնարկեց ՀՀ-ում «Ավստրիական զարգացման գործակալության» (ADA) կողմից ֆինանսավորվող «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագիրը, ի աջակցություն ՀՀ-ում «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագրի, որը հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից 2020թ․-ի հունիսի 11-ին, N 954-Լ որոշմամբ և ֆինանսավորվելու է պետական բյուջեի հաշվին։ Միջոցառմանը մասնակցում էին Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ ADA երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը բարձր է գնահատել 2011թ սկսած Հայաստանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ երկու երկրները միմյանց հետ փորձի փոխանակման միջոցով կարող են լավ արդյունքների հասնել։ Կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել․ «Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր հանրապետությունում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման և հաշվառման աշխատանքներ, մինչդեռ համակարգի ստեղծումը ռզմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար։ Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվությունը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը առանցքային գործոն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով»։ Ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր հերթին համառոտ ներկայացրել է ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, որոնք ներառում են փորձի փոխանակման այցեր և աշխատաժողովներ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, իրազեկման աշխատանքներ, անասնաբույժների, ֆերմերների և պետաշխատողների ուսուցողական դասընթացներ։ Ծրագրի տևողությունը 42 ամիս է և կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում։